ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ժամանակակից դեկորատիվ արվեստի հանրապետական ցուցահանդես

Ժամանակակից դեկորատիվ արվեստի հանրապետական ցուցահանդես
23.05.2017 | 10:30

2017 թ. մայիսի 9-ին Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում բացվեց «Ժամանակակից դեկորատիվ արվեստ» յուրօրինակ հանրապետական ցուցահանդեսը։ Ընդհանուր առմամբ, ներկայացված է 70 ստեղծագործություն` բատիկա, գոբելեն, գործվածքներ, զարդեր, կերամիկական աշխատանքներ, խառը տեխնիկայով արված զանազան գործեր:


Ցուցահանդեսում կարելի էր տեսնել ինչպես կերպարվեստի ազգային ավանդույթները շարունակող աշխատանքներ, այնպես էլ արդի արվեստի տարբեր միտումներին հետևող արվեստագետների ստեղծագործություններ: Ցուցահանդեսը հաջողված էր թե՛ էքսպոզիցիայի ձևավորման առումով, թե՛ տարբեր նյութերով ու տեխնիկայով արված հետաքրքիր գործերով: Ներկայացված էին տարբեր թեմաներով արված աշխատանքներ: Կային ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնական թեմաներով ստեղծագործություններ:


Էքսպոզիցիայում աչքի են զարնում Անատոլի Ավետյանի «Մտորումներ» և «Էլեգիա» եռանկարները։ Այս ցուցահանդեսում, սակայն, ամենահաջողվածը գոբելեններն էին: Նշենք Արփի Շահվերդյանի «Սկիզբ» գոբելենը, որն աչքի է ընկնում տաք և սառը գույների հիանալի համադրությամբ: Կենտրոնում ձկան պատկեր է, ներսում մերկ կնոջ ֆիգուր է` որպես կյանքի սկզբի, պտղաբերության խորհրդանիշ: Տպավորիչ է Գեղամ Գուլիկյանի «Այն օրը» գոբելենը (թուղթ, բամբակ): Վարպետությամբ և հմտությամբ է ներկայացված կերպարը. գործի հեղինակը ուշադրություն է դարձրել մարմնաձևերին, մանրամասն ներկայացրել դիմագծերը, ճկուն մարմնի տարբեր հատվածները: Թեմատիկ այս աշխատանքում իշխում են կապույտի երանգները, որոնց հակադրությունը կարմրին աշխուժացնում է գոբելենի հորինվածքը:
Գունային ներդաշնակությամբ, գույների հետաքրքիր խաղով են աչքի ընկնում Անահիտ Երիցյանի «Երկունք», Արուսյակ Պարոնյանի «Աշնան մեղեդի» գոբելենները, Ռիմա Նավասարդյանի «Ընթացք» գործվածքը: Վերջինս ներկայացրել է նաև կրոնական թեմայով մի գոբելեն` «Հրեշտակները», ուր պատկերված են քերովբեներ: Գոբելենի սիմետրիկ հորինվածքի վերնամասում լուսապսակի մեջ առնված խաչի պատկեր է: Կրոնական թեմայով մեկ այլ գոբելեն է ներկայացրել Անուշ Եղիազարյանը` «Տիրամայրը գահի վրա»:


Սուսաննա Աբովյանն էլ ցուցահանդեսին ներկայացել էր «ՈՒրախ Զատիկ» անվանումով, կտորից արված մեծաչափ մի աշխատանքով, որի ողջ տարածությունը զբաղեցնում են երկրաչափական տարբեր մարմիններ, հիմնականում` շեղանկյունաձև նախշեր, որոնց կրկնության միջոցով ստեղծված է ռիթմ: Այս ստեղծագործության հորինվածքը սիմետրիկ է:
Ցուցահանդեսին ներկայացված բատիկաներից տպավորիչ էին Գոհար Կարապետյանի «Հանդիպումը», որը մի տեսակ երազային տպավորություն է թողնում, Մարի Ադամյանի գունային նուրբ անցումներով աչքի ընկնող «Արտացոլումը» և Իրինա Սաղյանի «Մոնմարտր» թեմատիկ բատիկան. հեղինակին հաջողվել է հաղորդել այս բոհեմական վայրին բնորոշ շունչը:
Յուրօրինակ էր Արմինե Կարապետյանի «Արևներ» (լուսամփոփ, բատիկա, խառը տեխնիկա) քառամաս աշխատանքը, որի երեք մասերը միասին կարելի է դիտարկել որպես ինստալացիա: Օլիվիա Ադամյանի «Կախիչ» գործը ևս ինքնատիպ մի ինստալացիա էր:
Աշոտ Ադամյանը ներկայացել էր կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներով` «Եռագույնի պայքարը» և «Հյուսիսափայլ» խորիմաստ գործերով, որոնց ստեղծման համար որպես նյութ օգտագործել է օրգանական ապակին:


Ապակու վրա, խառը տեխնիկայով արված աշխատանքներ էր ներկայացրել Աղասի Թալալյանը:
Տպավորիչ էր Արմեն Հակոբյանի «Մոռացված մեղեդի» խառը տեխնիկայով արված գործը, որի հորինվածքի կենտրոնում երաժշտի կերպարն էր` ամբողջությամբ կլանված երաժշտությամբ:
Քնարական ներշնչմամբ էր կատարված Անահիտ Զարդարյանի «Մայրություն» աշխատանքը (թուղթ, ստվարաթուղթ, գուաշ), որը խճանկար էր հիշեցնում: Մոր և մանկան կերպարները միաձուլված են, մոր կերպարում ամփոփված են մայրական ողջ սերը, գորովանքը, քնքշանքը:
Կերամիկական աշխատանքներից նշենք Լիլիթ Խանաղյանի «Ձուկը» քանդակը: Ցուցահանդեսում ներկայացված էին նաև ճաշակով պատրաստված զարդեր, տպավորիչ էր` Սարգիս Գրիգորյանի «Արևելյան կոլաժ» զարդը:
Այսպիսով, հանրապետական այս ցուցահանդեսը փաստում է, որ Հայաստանում կան դեկորատիվ-կիրառական արվեստի առաջխաղացմանը նպաստող տարբեր սերնդի արվեստագետներ:

Սիլվիա ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
արվեստաբան, Ջիոտտոյի արվեստանոց-թանգարանի աշխատակից
Լուսանկարները`
Արուս ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ